«Եղել և մնում եմ կողմնակիցը նրա, որ ընտրությունները տեղի ունենան մեր երկրի սահմանադրությանը համապատասխան». հրաժարական տված Աբխազիայի նախագահը դիմել է երկրի բնակիչներին
Նախօրեին հրաժարական տված Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ժողովրդին ուղղված իր խոսքում հայտարարել է, որ հետագայում նույնպես իր ջանքերը կներդնի աբխազական հասարակությունում խաղաղության հաստատման և երկրի զարգացման համար: Այս մասին տեղեկացնում է interfax.ru կայքը:
«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր հասկացել և աջակցել են ինձ, սկզբունքայնություն են դրսևորել մեր ընդհանուր գործում: Մեզ հաջողվել է շատ բան անել վերջին 5 տարվա ընթացքում, դա մեր միասնական ջանքերի շնորհիվ է եղել: Սակայն չլուծված խնդիրները նույնպես քիչ չեն»,-հայտարարել է Խաջիմբան:
Նախկին նախագահը կարծում է, որ վերջին օրերին Աբխազիայում իրավիճակը խիստ սրվել է հասարակա-քաղաքական հարցերում վեճերի և քննարկումների պատճառով:
«Ես մեկ անգամ չէ, որ բաց արտահայտվել եմ այն հարցերի վերաբերյալ, որոնք հուզում են մեր հասարակությանը: Եղել և մնում եմ կողմնակիցը նրա, որ ընտրություններն ու այլ քաղաքական գործընթացները տեղի ունենան մեր երկրի սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»,-ընդգծել է նախկին նախագահը:
Խաջիմբան նշել է, որ «որոշում է կայացրել լքել պաշտոնը` նպատակ ունենալով թույլ չտալ աբխազական հասարակության ներսում դիմակայության շարունակություն, որը շատ փորձությունների ու ողբերգությունների է հանգեցրել»: Վերջում նա բարօրություն և խաղաղություն է մաղթել Աբխազիայի քաղաքացիներին:
Հունվարի 12-ին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը: Մինչ այդ էլ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 22-ին նշանակել է նոր նախագահական ընտրություններ: Հանձնաժողովը համաձայն չէր Գերագույն դատարանի` նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների չեղարկման հետ, բայց ստիպված է եղել ընդունել որոշումը:










