Իսրայելն ԱՄՆ-ին օգնել է Սոլեյմանիի սպանության հարցում. լրատվամիջոցներ

12:15 • 13.01.20

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հարցում Միացյալ Նահանգներին օգնել է Իսրայելի հետախուզությունը, հայտնում է NBC News-ը` աղբյուրների հղումով:

Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին՝ Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետևանքով:

Հայտնի է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն միակ օտարերկրացի առաջնորդն է, որը նախապես տեղեկացված է եղել ծրագրված սպանության մասին:

Ըստ The New York Times-ի՝ այդ մասին նրան հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Սակայն վերջինս հայտարարել է, որ Նեթանյահուի հետ խոսել է Սոլեյմանիի սպանության հաջորդ օրը:

Նշվում է, որ գեներալի սպանությանն ուղիղ տեսակապով հետևել են Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը, Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջինա Հեսփելն ու մի շարք այլ պաշտոնյաներ: Մինչդեռ նախագահ Դոնալդ Թրամփն այդ ժամանակ գտնվել է «Մար ա Լագո» կալվածքում:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը: