Աշխարհի ամենահարուստ մարդը 1 մլն ավստրալական դոլար կնվիրաբերի Ավստրալիայում անտառային հրդեհների դեմ պայքարի համար

14:03 • 13.01.20

Ամերիկյան Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսը, որը 113 մլրդ դոլար կարողությամբ ամենահարուստ մարդն է համարվում աշխարհում, 1 մլն ավստրալական դոլար կնվիրաբերի Ավստրալիան պատուհասած անտառային հրդեհների դեմ պայքարի համար:

Բեզոսն իր որոշման մասին հայտնել է հունվարի 12-ին՝ համապատասխան գրառում անելով ինստագրամյան էջում:

Բացի այդ, միլիարդատերը հետևորդներին խնդրել է Amazon կայքով գնումներ անելով` ֆինանսապես աջակցել Ավստրալիա ուղարկվող օգնությանը:

Մինչդեռ Ավստրալիայի իշխանությունները պատրաստվում են նախնական 34,5 մլն դոլար հատկացնել անտառային հրդեհների հետևանքով տուժած վայրի բնության վերականգնմանը: Այս մասին հայտնել է երկրի ֆինանսների նախարար Ջոշ Ֆրայդենբերգը՝ գրառում անելով թվիթերյան էջում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, հոլիվուդյան գերաստղ Լեոնարդո դի Կապրիոյի համանախագահությամբ ստեղծված Earth Alliance կազմակերպությունը 3 մլն դոլար կհատկացնի Ավստրալիայում սաստիկ անտառային հրդեհների դեմ պայքարի համար:  Գումարն ուղղվելու է հրշեջների օգնությանը, հրդեհների հետևանքով ամենաշատ տուժած բնակավայրերի, քաղաքների, ինչպես նաև երկրի էկոհամակարգի վերականգնմանը:

Տևական ժամանակ Ավստրալիան պատուհասած ուժգին անտառային հրդեհներն ավելի քան 1 մլրդ կենդանիների սատկելու պատճառ են դարձել: Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Քրիս Դիքմանը պարզել է, որ միայն Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների զոհ է դարձել ավելի քան 800 մլն կենդանի:

Դիքմանի ներկայացրած թվերը հիմնված են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի՝ 2007թ. զեկույցի վրա, և չի բացառվում, որ իրականում սատկած կենդանիների թիվը շատ ավելին լինի:

Անտառային հրդեհների հետևանքով Ավստրալիայում այրվել է մի քանի միլիոն հեկտար մակերեսով տարածություն, ոչնչացվել է հազար տուն, զոհվել` 17 մարդ: 

 

 

A NSW firefighter holds a hose as they prepares to extinguish a wall of flames burning near the town of Bilpin on December 19