Հաֆթարը մեկնել է Մոսկվա` բանակցելու Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավարի հետ. «ՌԻԱ Նովոստի»

09:36 • 13.01.20

Լիբիայի ազգային բանակի ղեկավար ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը մեկնել է Մոսկվա, որտեղ հնարավոր է կայանան նրա բանակցությունները Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով լիբիական անանուն աղբյուրի:

Գործակալության զրուցակցի խոսքով` Սարաջը Մոսկվա է մեկնելու հունվարի 13-ին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը,  Խալիֆա Հաֆթարը հրաժարվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկով հրադադարի ռեժիմ հաստատել երկրում: Հաֆթարը ողջունել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը, սակայն, այնուամենայնիվ, որոշել է շարունակել հարձակումը Տրիպոլիի վրա:

Այնուամենայնիվ, հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը` Երևանի ժամանակով ժամը 12:00-ին, Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն ու ազգային բանակը հայտարարել են ռազմական գործողությունների դադարեցման մասին: Միևնույն ժամանակ, երկու կողմն էլ հայտարարել են, որ պատասխանելու են հրադադարի ցանկացած խախտմանը:

Հիշեցնենք, որ Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ: