24-ամյա չինուհին, որը 5 տարի շարունակ միայն բրինձ և չիլի պղպեղ է կերել, մահացել է հյուծվածությունից

21:17 • 14.01.20

Չինուհին, որը հինգ տարի շարունակ սնվել է միայն բրնձով և մարինացված չիլի պղպեղով, մահացել է հյուծվածությունից: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:

Աղջկա մայրը մահացել է, երբ վերջինս 4 տարեկան էր, իսկ 18 տարեկանում կորցրել է հորը: Դրանից հետո նա ստիպված է եղել հոգ տանել կրտսեր եղբոր մասին: Հոգեկան խանգարումների պատճառով տղան պարբերաբար բուժօգնության կարիք էր ունենում:

Քույր ու եղբայր բնակվելիս են եղել բարեկամների հետ, սակայն նրանք նույնպես ֆինանսական դժվարություններ են ունեցել: Չնայած դրան՝ աղջկան հաջողվել էր արհեստագործական քոլեջ ընդունվել և կրթաթոշակ ստանալ:

Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով՝ աղջիկը ստիպված է եղել հինգ տարի սնվել միայն բրնձով և մարինացված չիլի պղպեղով, ինչը հանգեցրել է օրգանիզմի հյուծման: 24-ամյա աղջիկը 22 կգ էր կշռում:

Ինչպես նշվում է, անցյալ տարի նրա մոտ սրտի և երիկամների հետ կապված խնդիրներ են հայտնաբերել: Նա ստիպված է եղել դիմել բարեգործական կազմակերպությունների, ինչից հետո նրա պատմությունը գրավել է հասարակության ուշադրությունը: Նրա համար հաջողվել էր մոտ 1 մլն յուան ($145,000) հավաքել, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել աղջկա կյանքը: Նա մահացել է հունվարի 13-ին: