Իրաքում հրթիռակոծվել է ամերիկացի զինծառայողների տեղակայման ռազմաբազան. ԶԼՄ-ներ
Իրաքում հրթիռակոծվել է «Էթ-Թաջի» ռազմաբազան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Al-Hadath արաբական հեռուստաալիքին:
Ինչպես հաղորդվում է, ռազմական օբյեկտը, որում տեղակայված են ամերիկացի զինվորականները, գտնվում է Բաղդադից հյուսիս ընկած շրջանում:
Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Աղբյուրը հայտնում է, որ կիրակի հրթիռակոծման էր ենթարկվել «Բալադ» ռազմաբան, որտեղ նույնպես ամերիկյան զորքեր են գտնվում: Կատարվածի հետևանքով ոչ ոք չէր տուժել:
Մերձավոր Արևելքում իրադրությունը լարվել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Սիրիայում և Իրաքում ամերիկյան զորքերի իրականացրած ավիահարվածներից հետո:
Դրան հետևել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան գրոհը: Իսկ օրեր անց Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածների հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Դրան ի պատասխան իրանական ուժերն օրեր առաջ երկու ամերիկյան ավիաբազա են հրթիռակոծել Իրաքում:










