Մեդվեդևը, մեջբերելով Չեխովին, կոչ է արել «չուրախանալ այնպիսի անհեթեթության կապակցությամբ, ինչպիսին Նոր տարին է»
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը լրագրողներին կառավարական մրցանակներ հանձնելու արարողության ժամանակ կատակել է ամանորյա տոների ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Московский комсомолец պարբերականը:
Վարչապետը մեջբերել է իր սիրելի գրող Անտոն Չեխովի խոսքերը. «Ուրախանալ այնպիսի անհեթեթության վրա, ինչպիսին Նոր տարին է, իմ կարծիքով` անմիտ է»:
Մրցանակների հանձնման ժամանակ Մեդվեդևը շարունակել է մեջբերել իր սիրելի դասականի մտքերը, որտեղ նշվում է, որ ամեն նոր տարի ավելի վատն է, քան հինը, քանի որ մոտեցնում է կյանքի ավարտը` «կինը ծերանում է», «փողը քչանում է»: Մեդվեդևը համաձայնել է այն մտքի հետ, որ Նոր տարվա կապակցությամբ պետք է «ոչ թե ուրախանալ, այլ տառապել, լաց լինել»:
«Այս «լավատեսական» նոտայով էլ ցանկանում եմ ձեզ ուրախ Հին Նոր տարի մաղթել»,- կատակել է ՌԴ վարչապետը:
Նա կոչ է արել բոլորին համակերպվել ամանորյա արձակուրդների ավարտի հետ և տրամադրվել աշխատանքի:










