Դատախազությունն ընթացք է տվել Antifake.am–ի և Politik.am-ի խմբագիրների ֆեյսբուքյան էջերը և Նաիրա Զոհրաբյանի՝ էլփոստը կոտրելու մասին գրառումներին

21:57 • 14.01.20

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել AntiFake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանի, Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազիի՝ իրենց ֆեյսբուքյան էջերը և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի՝ էլեկտրոնային փոստը կոտրելու վերաբերյալ գրառումներին։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան օգտահաշիվը կոտրելու մասին տեղեկացրել էր հունվարի 12-ին՝ նշելով, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «բարձր» հովանու ներքո իշխանությունները փորձում են ճնշում գործադրել իր վրա:

AntiFake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթեւոսյանը ևս հունվարի 12-ին էր նման հայտարարություն արել՝ նշելով, թե ֆեյսբուքյան օգտահաշվի վրա հարձակումն արվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով հատուկ ծառայությունների միջոցով:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ այսօր էր գրառում կատարել՝ նշելով, որ գիշերը ինչ-որ մեկը փորձել է մուտք գործել իր՝ ԱԺ պաշտոնական էլեկտրոնային հասցե և մեկ այլ էլեկտրոնային հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել: