Ամերիկացին 20 տարի շարունակ ամեն օր սելֆի է արել և բոլոր լուսանկարները ներկայացրել մեկ տեսանյութում
Ամերիկացի լուսանկարիչ Նոյ Կալինան, որը համաշխարհային հայտնիություն էր ձեռք բերել 2006 թվականին «Everyday» («Ամեն օր») խորագրով տեսահոլովակի հրապարակումից հետո, նոր տեսանյութ է ներկայացրել:
Ինչպես և նախորդ հոլովակի դեպքում, այս անգամ էլ լուսանկարիչը մեկտեղել է իր սելֆիները, որոնք պատկերել է ամեն օր արդեն 20 տարի շարունակ: Նախորդ հոլովակի դեպքում նա ներկայացրել էր 6 տարվա ընթացքում պատկերված ամենօրյա սելֆիները:
Ինչպես հայտնում է Business Insider-ը, Կալինան ինքն իրեն ամեն օր լուսանկարել է 2000 թվականի հունվարի 11-ից մինչև 2020 թվականի հունվարի 11-ը: Նշվում է, որ այդ ընթացքում նա ճանապարհորդել է տարբեր երկրներում, ինչպես նաև մի քանի անգամ փոխել է իր բնակարանը, սակայն շարունակել է իր նախագիծը:
Նա միայն 27 օր է բաց թողել 7305-ից, և մի քանի լուսանկար էլ կորցրել է 2003 թվականի օգոստոսից՝ կոշտ սկավառակի անհետանալու պատճառով: Ընդհանուր առմամբ, 20 տարվա արդյունքում նա 7263 լուսանկար է միավորել մեկ տեսանյութում:










