Մեծ պատիվ է Հայաստանում կառավարության համար աշխատելը. պատիվ է ոչ թե նրա համար, որ մեր քաղաքական ուժն է իշխանության, այլ՝ պատմական շանս կա որևէ կերպ Հայաստանը հանելու այս ճահճից. Հակոբ Արշակյան
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն է։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս օրինագծով կարգավորում է ևս մեկ ոլորտ, որն ինժեներական, բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը զարգացնելու խթան կդառնա:
Նախարար Արշակյանի խոսքով օրենսդրական այս փաթեթը մշակելու համար մեծ ջանքեր չեն գործադրվել, նա հավելեց, որ Հայաստանն այլ շանսեր չունի, քան դառնալ բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր և այդպիսով առաջ մղել տնտեսությունը: Նրա խոսքով՝ այս տարվա նպատակներից են լինելու գայթակղել միջազգային խաղացողներին սույն օրենսդրությամբ և համոզել, որ նրանք գործունեություն ծավալեն Հայաստանում:
«Աշխարհում տիեզերական արդյունաբերության շուկայի շրջանառությունը մոտ 250 միլիարդ դոլար է, որը շարունակ աճում է, և եթե նախկինում պետություններն էին սրանով զբաղվում, հիմա սկսել են զբաղվել կոմերցիաները»,-ասաց նախարարը:
Հակոբ Արշակյանը նշեց նաև, որ իրենց հիմնական առաջնահերթությունն այսպես ասած տաղանդներին ներգրավվելն է. «Եթե մեզ դիմի որևէ մեկը, որը կարող է աշխատել և մենք նրա առաջարկին ընթացք չտանք, ապա դա զուտ տեխնիկական խնդիր կարող է լինել: Նախարարության աշխատանքներում ներգրավվում ենք այնպիսի մարդկանց, որոնք իրենց խոսքով, երբևէ չեն պատկերացրել, որ կլինեն պետական ծառայող»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ընդգրկվել են անգամ մեծ կորպորացիաներում բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ:
Հարցին, թե ինչպես են համաձայնել ցածր աշխատավարձով աշխատել՝ նախարարն ասաց, որ այդ մարդիկ գալիս են իրենց երկրին օգուտ տալու համար: «Սեփական պետությանը ծառայելն այդ մարդկանց համար հոգևոր և արժեհամակարգային կարիքների բավարարում է, և կարծում եմ, որ դա շատ կարևոր է: Հիմա պատիվ է՝ Հայաստանում կառավարության համար աշխատելը, պատիվ է՝ ոչ թե նրա համար մեր քաղաքական ուժն է իշխանության, ամենևին, այլ նրա համար, որ պատմական շանս կա որևէ կերպ հանելու Հայաստանն այս ճահճից»,-ասաց Հակոբ Արշակյանը:










