««Ֆեյքերի» դեմ պայքարել պետք չէ, պետք է դրանց պատճառների դեմ պայքարել». «չունենալով գործիքակազմ՝ կեղծ օգտատիրոջ դեմ մեղադրանք են առաջադրել». փորձագետներ
Տեղեկատվական անվտանգության և լրատվամիջոցների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան կեղծ օգտատերներին:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում ձևավորվել է շատ հստակ պատկերացում, որ «ֆեյքը» վատ բան է :«Դա ոչ միայն սխալ կարծիք է, այլ նաև վտանգավոր: Մենք իրավական և բարոյախրատական գնահատականները սկսել ենք խառնել: Երբ որ մեկ կեղծ օգտատեր կարողանում է խարխլել ինչ-որ մի բան, խնդիրը այդ ինչ-որ բանի մեջ է, ոչ թե կեղծ օգտատիրոջ»,-ասաց նա և նշեց, որ «ֆեյք» նորությունները տոտալ պրոբլեմ են ամբողջ աշխարհի համար:
«Կարծում եմ, որ ֆեյքերի դեմ պայքարել պետք չէ, պետք է դրանց պատճառների դեմ պայքարել, պետք է հստակ ձևավորել տեղեկատվական հոսքերը, երկրորդը` կրթել հանրությանը, երրորդը՝ ստեղծել լրատվամիջոցների համար այնպիսի միջավայր, որ առաջինը լրագրողների կրթության որակը բարձրացնել: Իմ կարծիքով՝ «ֆեյքերի» դեմ պայքարով քո ամբողջ ռեսուրսն ուղղում ես սխալ ուղղությամբ»,-ասաց նա:
Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ պետական կառույցներ կան, որ թերանում են, ինչը բերում է նրան, որ «ֆեյքերը» սողոսկում են օնլայն տիրույթ:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ներկայումս Քրեական օրենսգիրքն այդպիսի գործիքակազմ չի պարունակում, որը կարող է հետապնդում իրականացնել կեղծ օգտատիրոջ նկատմամբ, ով հրապարակում է կեղծ տեղեկություններ, և այդպիսի կեղծ տեղեկությունը ոտնահարում է կա´մ հասարակական, պետական անվտանգությունը, կա´մ մարդու սահմանադրական իրավունքները:
Ինչ վերաբերում է ԱԱԾ հայտարարությանը, ըստ որի՝ իրենք շարունակելու են հայտնաբերել կեղծ օգտատերերին, որոնց գործողությունները վտանգում են հասարակական անվտանգությունը, Վահան Հովհաննիսյանն ասաց. «Նախ նշեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը ո´չ այդպիսի գործառույթ ունի, ո´չ լիազորություն, առավել ևս պարտականություն չունի, ենթադրենք, հայտնաբերեցին այդ անձին, ի՞նչ պետք է անենք, Քրեական օրենսգիրքն այդպիսի նորմ չունի: Ես կարծում եմ, որ «Դիանա Հարությունյանի» դեպքում հայտնվել են խնդրի առաջ, որ չունենալով գործիքակազմ՝ առաջադրել են մեղադրանք»,-ասաց նա և նշեց, որ հիմա չկա որևէ հոդված, որով այդ անձին մեղադրանք առաջադրվի:
«226-րդ հոդվածն է առաջադրված, սակայն նրա ցուցմունքից պարզ դարձավ, որ նրա նպատակներն ընդդիմադիր էին: Կարծում եմ, որ ի վերջո այդ գործով ունենալու ենք արդարացման դատավճիռ, քանի որ չունենք նորմ, որ կարգավորի այդ հարաբերությունները: Իմ կարծիքով՝ փաստ է, որ մեղադրանքն ակնհայտ անհիմն է»,-ասաց նա:










