Վարչապետին խորհուրդ կտամ Պապիկյանին ու նրա բանակային ընկերներին հեռու պահի ՋՕ ընկերությունից, կեղծ որոշումներից. Ջրօգտագործող (տեսանյութ)

18:14 • 15.01.20

Սուրեն Պապիկյանի համար ՋՕ-ն դարձել է խրոնիկ հիվանդություն, ինքը զբաղված է ՋՕ-երով, հիմա Արմավիր ՋՕ-ի մասին ասեմ, որի տնօրեն է դարձրել իր բանակի ընկերոջը։ Վարչապետին խորհուրդ կտամ Պապիկյանին ու նրա բանակային ընկերներին հեռու պահի կեղծ որոշումներից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի ջրօգտագործողներից Ռաֆայել Մխիթարյանը:

«Ես հիմա հաղորդում եմ տալիս ՀՀ ոստիկանությանը, թե  ինչո՞ւ լուծարված չէ վարչխորհուրդը կամ ինչո՞ւ է այնտեղի տնօրենի տեղակալը գալիս մեզ մոտ տնօրեն, եթե Գետաշենում սպասարկել է և այդ մարդիկ ջրի պրոբլեմից 40-50 հեկտարներով հողերը թողել են, չորացել են: Սեպտեմբերի 26-ին մարդիկ կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում ու ասում, որ ՋՕ-ի տնօրենն էսպես արեց, դա Սուրեն Պապիկյանի ընկեր Վահագ Արշակյանն էր, հիմա էլ Գոռ Արշակյանն է եկել է այստեղ, որ դառնա տնօրեն»,- ասաց Ռաֆայել Մխիթարյանը և հավելեց, որ չի՛ դառնալու:

Նա նշեց, որ իրենք ընտրել են իրենց ՋՕ վարչխորհուրդ, որը բաղկացած է պարկեշտ մարդկանցից, որոնք թաթախված չեն կոռուպցիայի մեջ: «Այդ մարդիկ Սամվել Համբարձումյանին ընտրել են տնօրեն, որին համաձայն ենք, որովհետև ինչքան չաշխատող հորեր կան մեզ մոտ՝ վերականգնվել են ու հիմա հույս ունենք, որ այս գարնանը կկարողանանք մեր բերքը հավաքել»,-նշեց Մխիթարյանը:

Tert.am-ի զրուցակիցը նաև նշեց, որ ունի ձայնագրություն և շուտով հրապարակելու է, որ ՋՕ փոխտնօրեն Հարություն Գուլյանն ասել է, որ սա քաղաքական որոշում է. «Ասել է, որ մեր թիմի անդամը պետք է դառնա տնօրեն: Ես ասում եմ՝ չի դառնալու, ձեր թիմի անդամներն այստեղ անելիք չունեն: Մեզ պետք է նորմալ մարդ, ոչ թե այն ՋՕ-ի տեղակալը, որն արդեն չի կարողացել ղեկավարել մի կառույց, որտեղ մարդիկ ջրի խնդիր ունեն ու միլիոնավոր դրամների հասնող պարտքեր: Էջմիածնի ՋՕ-ն ավելի շատ գումար է հավաքել և պետությանը հանձնել է 70 միլիոնով ավելի գումար, քան նախորդ տնօրենները: Ո՞րն է պատճառը, որ այս մարդուն ուզում են հանեն, նրա համար, որ օգնում է մարդկանց կարգավորել ջրի հարցը: Ուզում են, որ բոլորը լինեն իրենց մարդի՞կ, որ կազմակերպեն, անել, այն ինչ ուզում են, և դա չերևա՞»,- շեշտեց նա:

Ռաֆայել Մխիթարյանն ասաց, որ խորհուրդ ունի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին. «Պարոն Պապիկյանին խորհուրդ եմ տալիս, որ զբաղվի ասֆալտներով. ոնց որ դա է Ձեզ մոտ լավ ստացվում ու չփորձեք ճնշումներ գործադրել ոստիկանության վրա, որ ինձ անընդհատ տանեն: Թող էդ զանգերն էլ դադարեն, որ Արշակյան Գոռը գա, ինձ համար լավ է լինելու, ինձ համար միշտ էլ լավ է լինելու, որովհետև ես գիշեր–ցերեկ աշխատում եմ: Դուք մտածեք, պարոն Պապիկյան, որովհետև Ձեզ հաշված օրեր են մնացել: Այս քաղաքական որոշումներով ոչ մի բանի չեք հասնելու, եթե փորձեք Սամվել Համբարձումյանի համար ինչ-որ նոր գծագրեր, մեխանիզմներ մշակեք, որ նա չաշխատի, մենք Ձեզ պարզ ասում ենք՝ Սամվել Համբարձումյանը կմնա այնքան ժամանակ, մինչև վարչխորհուրդը նորից կընտրի տնօրեն»,- ասաց նա:

Վերջինս դիմեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ասաց, որ խորհուրդ է տալիս վարչապետին զբաղվի Սուրեն Պապիկյանով: «Պարոն վարչապե՛տ, խորհուրդ կտամ զբաղվեք Սուրեն Պապիկյանով և նրա բանակային ընկերներով: Թողեք մեր տնօրենն աշխատի, ձեր ուզածն ի՞նչ է, եթե կոռուպցիայի մեջ ենք՝ դատեք: Պապիկյանի բանակային ընկերները դարձել են ՋՕ-ի տնօրեններ, մնացել է մի հատ Համբարձումյան, մեկ էլ Արտաշատում, այնտեղ էլ իրենց մարդը չի, գնում են, որ վերջնականապես հարցը կարգավորեն»,- ասաց նա և ընդգծեց, որ սա խեղկատակություն է:

«Պարոն Պապիկյանին, հեռու պահեք այս կեղծ որոշումներից. ՋՕ նշանակում է, որ մենք պետք է ընտրենք մեր վարչխորհուրդը, ուզում եք համոզվեք, մի հատ էլ  կազմակերպեք ընտրություն ու նորից մեր ուզած մարդն է ընտրվելու»,- ասաց Ռաֆայել Մխիթարյանը:

Վերջինս շեշտեց, որ եթե հաջողվի, և Սամվել Համբարձումյանը նշանակվի տնօրեն՝ ջուրը կկտրեն, կասեն լիտրով ենք ջուրը տալիս. «Արհեստական բարիկադներ կսարքեն, որ մենք միշտ պրոբլեմներ ունենանք, բայց մենք ոտքի ենք կանգնել ու այս հարցը լուծելու ենք: Մեր տնօրենը կմնա մեր ուզած մարդը, և իրենք սխալվում են, եթե մտածում են, որ Սևանը կարող են սարքել իրենց պապի բասեին, սխալվում են»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: