Անգլիայում երկու երեխաների մայրը մահացել է «չիպսային» սննդակարգի հետևանքով
Անգլիական Ուինչեսթեր քաղաքում երկու երեխաների մայրը մահացել է «չիպսային» սննդակարգի հետևելու հետևանքով, հայտնում է Daily Mail պարբերականը:
Շառլոթ Բրոդը դեռ վաղ տարիքից սիրել է չիպսեր, հավի նագեթներ, կրեկերներ և արագ սննդի այլ կերակրատեսակներ ուտել: Միևնույն ժամանակ, կինը գրեթե բանջարեղեն ու առողջ սնունդ համարվող այլ ուտելիքներ չի օգտագործել:
Նման ապրելաոճը բացատրվում է ընտրովի (սելեկտիվ) սնման խանգարումով:
Աղջկա ծնողները փորձել են պայքարել հիվանդության դեմ, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են եղել: Նույնիսկ հղիության ընթացքում Բրոդը միայն չիպսեր և գազավորված ըմպելիքներ է օգտագործել:
Բրիտանուհին հիվանդանոց է դիմել, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Դեռևս 2019 թվականին հիվանդանոցում բժիշկները զգուշացրել էին աղջկան` սննդակարգը չփոխելու դեպքում նա կմահանա:
Ավելի ուշ, երբ Բրոդի վիճակը կտրուկ վատացել է, նրա սիրեցյալը համոզել է վերջինիս բուժման կուրս անցնել, սակայն կինը երեք շաբաթ անց` 32 տարեկանում մահացել է:












