Չինաստանը խարխլում է մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային համակարգը. Human Rights Watch

11:38 • 15.01.20

Չինաստանն օգտագործում է տնտեսական և դիվանագիտական ազդեցությունը` խարխլելու մարդու իրավունքների համաշխարհային համակարգը: Այս մասին հայտարարել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը` 2020 թվականի համաշխարհային զեկույցի ներկայացման ժամանակ:

«Քննադատությունից խուսափելու նպատակով չինական ղեկավարությունն ամենայն դաժանությամբ փորձում է օգտագործել իր տնտեսական և դիվանագիտական ազդեցությունը` լռեցնելով արտասահմանից քննադատական ձայներն ու խարխլելով մարդու իրավունքները պաշտպանող գլոբալ ինստիտուտները»,- հայտարարել է Ռոթը:

Իրավապաշտպանը նաև հայտարարել է, որ կիրակի օրը նրան մերժել են մուտք գործել Հոնկոնգ, որտեղ պլանավորել էր մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցը ներկայացնել, որի մեծ մասը հատկացված է Չինաստանին:

Human Rights Watch կազմակերպությունը մեղադրում է Սի Ցզինփինի վարչակազմին` «Չինաստանին վերջին տասնամյակում դաժան ճնշումների ենթարկելու» համար: Զեկույցում նաև խոսվում է Սինցզյանի շրջանում ույղուր մահմեդականների նկատմամբ բազմաթիվ ճնշումների մասին:

Տեղեկությունների համաձայն` Չինաստանը ոչնչացնում է ույղուրների դեմ բռնաճնշումների բոլոր ապացույցները: Իշխանությունները ոչնչացնում են Չինաստանի մահմեդական փոքրամասնության համար, այսպես կոչված, «վերադաստիարակչական ճամբարներին» վերաբերող բոլոր տվյալներն ու փաստաթղթերը: