Գերմանիայում ադրբեջանցիները բողոքի ակցիա են իրականացրել Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի դեսպանատների առջև` պահանջելով ապամոնտաժել բռնապետ Հեյդար Ալիևի արձանները (տեսանյութ)

11:09 • 15.01.20

Հունվարի 14-ին Գերմանիայում «Եվրոպական ժողովրդավար Ադրբեջան» ադրբեջանական կազմակերպության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Բեռլինում Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի դեսպանատների առջև: Այս մասին տեղեկացնում է meydan.tv կայքը:

Ցուցարարները նշված երկրներից պահանջել են ապամոնտաժել իրենց երկրներում գտնվող «Ադրբեջանում բռնապետության և ընտանեկան իշխանության հիմնադիր» Հեյդար Ալիևի արձանները:

Ցուցարարները պաստառներ են պարզել, որոնց վրա պատկերված են եղել Ադրբեջանում ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստները:

Ակցիայի կազմակերպիչներից մեկը խոսել է Հեյդար Ալիևի կողմից ժողովրդավարական արժեքներին հասցված վնասների մասին, իսկ մեկ այլ կազմակերպիչ մեղադրել է Ուկրաինային` ադրբեջանցի ակտիվիստ Էլվին Իսաևին Ադրբեջան արտահանձնելու համար:

Ցուցարարները հիշել են նաև լրագրող Աֆղան Մուխթարլըին, որն առևանգվել էր Վրաստանում և տեղափոխվել Ադրբեջան, ներկայում գտնվում է բանտում:

Վերհիշելով այս դեպքերը` ցուցարարները նշել են, որ Ուկրաինան ու Վրաստանը, որոնք ցանկանում են ինտեգրվել Եվրամիությանը, արժանի չեն նման պատվի, քանի որ օգնում են Ադրբեջանի բռնապետական ռեժիմին:

Ակցիայի ժամանակ կոչեր են հնչել ինչպես քաղբանտարկյալների ազատ արձակման համար, այնպես էլ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի դեմ:

Ցուցարարները Հեյդար Ալիևի արձանները ապամոնտաժելու մասին իրենց գրավոր պահանջը փոխանցել են երեք երկրների դեսպանատների ներկայացուցիչներին: