Ճապոնիայում առաջին անգամ տղամարդ նախարարն արձակուրդ կվերցնի` առաջնեկի ծննդից հետո նրան խնամելու նպատակով
Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարար Կոիձումի Սինձիրոն` Ճապոնիայի նախկին վարչապետ Կոիձումի Ձյունիտիրոյի որդին, մտադիր է հայրական արձակուրդ վերցնել` առաջնեկին խնամելու նպատակով, որի ծնունդը նախատեսվում է հունվարին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն` նախարարը երեխայի ծննդից հետո երեք ամսվա ընթացքում ընդհանուր երկու շաբաթ տևողությամբ արձակուրդ կվերցնի: Նախատեսվում է, որ հիմնականում արձակուրդը կձևակերպվի ավելի կարճ աշխատանքային օրվա և հեռակա աշխատանքի հաշվին, որպեսզի նախարարի և խորհրդարանի պատգամավորի պարտականությունների կատարմանը վնաս չհասցվի:
Նա նաև առավել ակտիվորեն կօգտագործի էլեկտրոնային փոստի և տեսակապի միջոցով աշխատակիցների հետ կապ հաստատելու ձևաչափը: Կոիձումին արձակուրդ վերցնելու մասին սկսել է մտածել կնոջ` ճապոնացի հայտնի մոդել և հեռուստահաղորդավարուհի Տակիգավա Կրիստելի հղիության մասին լուրն իմանալուց հետո:
Արձակուրդ վերցնելու վերջնական որոշումը կապված է ճապոնական հասարակության մեջ երեխայի խնամքի համար արձակուրդ վերցնելու մթնոլորտի փոփոխման ցանկության հետ:
Ճապոնիայում երկու ծնողին էլ օրինականորեն թույլատրվում է երեխայի խնամքի համար արձակուրդ վերցնել, սակայն տղամարդկանց միայն աննշան տոկոսն է օգտվում այդ իրավունքից:










