«Մենք վստահ չենք Կանադայում մնալու նրանց վերջնական որոշման հարցում». Ջասթին Թրյուդոն՝ արքայազն Հարիի և Մեգան Մարքլի մասին

13:37 • 15.01.20

Երևում է՝ Կանադայի՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա կին Մեգան Մարքլի անվտանգության ծախսերն իր վրա վերցնելու վերաբերյալ ասեկոսեները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտնել է, որ միանշանակ պատասխան չի կարող տալ այդ հարցին, գրում է Global News-ը:

Թեև մամուլում շրջանառվող հրապարակումներին առ այն, որ Կանադայի վարչապետն անձամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-ին խոստացել է հանձն առնել արքայազն Հարիի և նրա կնոջ անվտանգությունը, Global News-ը հայտնում է, որ Կանադայի վարչապետն օրերս հանդես է եկել անվստահ հայտարարություններով:

«Թագավորական ընտանիքը և Սասեքսները դեռ շատ որոշումներ ունեն կայացնելու: Մենք ակնհայտորեն աջակցում ենք նրանց որոշումներին»,- հայտնել է Թրյուդոն և հավելել. «Մենք վստահ չենք Կանադայում մնալու նրանց վերջնական որոշման հարցում»:

Երկուշաբթի բրիտանական Evening Standard պարբերականը հաղորդել էր, որ Թրյուդոն կարծում է, որ հարկատուները պետք է իրենց վրա վերցնեն Հարիի և Մեգանի անվտանգության ծախսերը՝ թագավորական զույգի` Կանադայում գտնվելու ժամանակ:

Մինչդեռ Կանադայի ֆինանսների նախարար Բիլ Մորնեոն CBC-ին հայտնել է, որ կառավարությունում հիշյալ հարցի վերաբերյալ պաշտոնական քննարկում տեղի չի ունեցել:

Հիշեցնենք, որ թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու մասին որոշման համար պատճառ է հանդիսացել թագավորական պալատից ֆինանսապես անկախ դառնալու և ժամանակը Հյուսիսային Ամերիկայում ու Մեծ Բրիտանիայում հավասարապես անցկացնելու ցանկությունը: