Թուրքիայի նախագահականում քննարկվել են Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ իրականացվելիք գործողությունները

15:46 • 15.01.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ տեղի է ունեցել Թուրքիայի նախագահի աշխատակազմի Բարձրագույն խորհրդատվական խորհրդի ժողովը: Այս մասին տեղեկացնում է «Ենի շաֆաք» լրատվականը:

Էրդողանի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը տեղեկացրել է, որ ժողովի ընթացքում քննարկված կետերից մեկը եղել է Հայոց ցեղասպանության «անհիմն պնդումների դեմ իրականացվելիք հետագա գործողությունները»:

Ժողովում խոսել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում և միջազգային հանրության շրջանում առկա տեսակետների մասին:

Ալթունը նշել է, որ իրենք մանրակրկիտ քննարկել են անհրաժեշտ քայլերը, «որոնք պետք է արվեն 1915-ի դեպքերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պնդումների դեմ»:

Խորհրդի անդամները միասնաբար հայտարարել են, որ Հայոց ցեղասպանությունը որպես գործիք է օգտագործվում նրանց կողմից, ովքեր ցանկանում են պառակտել թուրք հասարակությունը: