Ուկրաինայում ակտիվիստները գնացել են Զելենսկու տան մոտ` հողի շուկայի մասին օրենքի ընդունումը թույլ չտալու պահանջով (լուսանկարներ)

12:59 • 15.01.20

Ուկրաինայի «Ազգային կորպուս» կուսակցության ներկայացուցիչները հողատերերի հետ հունվարի 15-ի առավոտյան գնացել են երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու տան մոտ և պահանջում են նրանից թույլ չտալ հողի շուկայի մասին օրենքի ընդունումը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

«Պատերազմական պայմաններում հողի շուկայի բացումը` առանց հողի աուդիտի և խոստացված բարեփոխման, անթույլատրելի է և իրենից հանցավոր քայլ է ներկայացնում: Զելենսկի՛յ, կատարի՛ր այն, ինչ խոստացել ես ժողովրդին: Պահանջում ենք հողային բարեփոխում»,-ասված է ակտիվիստների հայտարարության մեջ:

Ավելի վաղ հողի շուկայի բացման հակառակորդները հայտարարել էին անժամկետ բողոքի ակցիա սկսելու մասին: Հունվարի 14-ին նրանք արգելափակել էին Կիևի մի քանի կենտրոնական փողոցների երթևեկությունը:

Ուկրաինայի Գերագույն ռադայի ագրարային հանձնաժողովն ավելի վաղ ներկայացրել էր հողի շուկայի մասին օրինագծի վերջնական տարբերակը: Փաստաթուղթը նախատեսում է, որ հողի մասնաբաժնի վաճառքի գինը չի կարող ավելի ցածր լինել, քան դրա նորմատիվ արժեքն է, ինչպես նաև սահմանափակում է դնում` մեկ գնորդին թույլ տալով ձեռք բերել ամենաշատը 10 000 հեկտար հող: