ԱՄՆ-ում տասնյակ մարդիկ են տուժել ինքնաթիռից դպրոցների վրա ավիավառելիքի թափվելու հետևանքով

10:28 • 15.01.20

Լոս Անջելեսի մերձակայքում գտնվող մի քանի դպրոցների վրա ինքնաթիռից վառելիք է թափվել, ինչի հետևանքով 60 մարդ բժշկական օգնություն է ստացել, հայտնում է CNN-ը:

Լոս Անջելեսի շրջանի հակահրդեհային բաժանմունքի տեսուչ Շոն Ֆերգյուսոնը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին` կեսօրից հետո: Ընդհանուր առմամբ, խոսքը 5 տարրական և 1 ավագ դպրոցի մասին է:

Սակայն, համաձայն Twitter սոցիալական կայքում Լոս Անջելեսի շրջանի հրշեջ ծառայության էջում հրապարակված տվյալների, տուժել է 4 դպրոցներից 44 մարդ, ոչ ոք չի հոսպիտալացվել:

Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանից հայտնել են, որ վառելանյութը թափվել է ինքնաթիռի արտակարգ վայրէջքի ժամանակ: CNN-ի փոխանցմամբ՝  խոսքը Delta Air Lines ավիաընկերության Boeing 777-200 ինքնաթիռի մասին է, որը թռչելիս է եղել Շանհայ, բայց շարժիչի անսարքության պատճառով ստիպված է եղել վերադառնալ Լոս Անջելես: