Ինչ-որ անհամաչափ հաշվարկ և կողմնակալ որոշում է՝ պայմանավորված մարզպետի քաղաքական կամքով. Նունե Ավանեսյանը՝ Աչաջուրի ծննդատան փակվելու մասին

22:25 • 16.01.20

Սահմանամերձ գոտիում անհասկանալի է ծննդատուն փակելը։ Հաստատ ծննդկանի և նորածնի մահվան դեպքերը կավելանան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող՝ Առողջապահության նախարարի որոշմանն առ այն, որի համաձայն պետք է մի շարք ծննդատներ փակվեն։

Փակվող ծննդատների շարքում էր գտնվում  նաև Եղվարդի ծննդատունը, որում ծննդաբերությունների թիվը նորմայից պակաս էր 14-ով։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շարունակվող բողոքի ակցիաներից հետո ասաց, որ Եղվարդի ծննդատունը դեռևս չի փակվի։

Նունե Ավանեսյանն այս խոսքը որակում է որպես Կոտայքի մարզպետի քաղաքական կամք, սակայն նույնն ասել չի կարող Տավուշի մարզպետի մասին, որի գործունեության հետևանքով փակվում է սահմանամերձ գոտիում գտնվող Աչաջուրի ծննդատունը, որը ըստ նրա՝ ապազգային որոշում է։

«Կարծում եմ՝ նման որոշումներից հետո կլինի բուժաշխատողների արտագաղթ, ավելի շատ մահեր կլինեն»,- ասաց նա և հավելեց, որ օրինակ՝ Աչաջուրի ծննդատունն իր և Նոյեմբերյանի հարակից բոլոր գյուղերին է սպասարկում, և փակման դեպքում անհնար է այդքան երկար ճանապարհ գնալ։

Անդրադառնալով Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հայտարարությանն առ այն, որ հղիության 9 ամիսներին կանայք Աչաջրում են բուժօգնություն ստանալու, իսկ ծնունդն Աչաջուրի բժիշկը ընդունելու է Իջևանի ծննդատանը՝ Ավանեսյանը նշեց, որ դա աբսուրդ է, քանի որ արդեն ծննդաբերության ժամանակ հեռավորության, ժամանակի խնդիրներ կարող են առաջանալ։

Մարզպետի հայտնած տեսակետին առ այն, որ հղիներին կարող են շտապօգնության մեքենայով տեղափոխել, Ավանեսյանը պատասխանեց․ «Անհնար է, քանի որ պատերազմական իրավիճակում շտապօգնության մեքենան առաջին գիծ գնալ չի կարող։ Ես որպես բժիշկ չեմ հասկանում, թե նա ինչ է ասում»։

Նրա դիտարկմամբ՝ եթե համեմատություններ տարվեն նախորդ տարիների ժամանակ ծննդատների գրանցած արդյունքների միջև, ակնհայտ կլինի, որ Աչաջուրը բարձր ցուցանիշ ունի. «Ինչ-որ անհամաչափ հաշվարկ և կողմնակալ որոշում է: Որոշումները պայմանավորված են մարզպետների քաղաքական կամքով»,- նշեց Ավանեսյանը։

Նունե Ավանեսյանը, անդրադառնալով Առողջապահության նախարարի հայտարարությանն առ այն, որ լրագրողները սանիտարահամաճարակային նորմերը խախտելով են մտել ծնարան, նշեց, որ նախարարը լյարդի փոխպատվատումով վիրահատվող  երեխայի մոտ է մտել կոստյումով, կոշիկներով. « Այդ քայլը նախարարն արել է իր փիարի համար»: