Մաքսային ձևակերպումը պետք է իրականացվի նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում, որպեսզի մաքսազերծման ժամանակ կիրառվեն 2019թ. դրույքաչափերը. ՊԵԿ
Ավտոմեքենայի ներկրման համար 2019թ. նախնական մաքսային հայտարարագիր ներկայացրած քաղաքացիներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է հայտարարագրի գործողության ժամկետը լրանալու մասին:
Որպեսզի մաքսազերծման ժամանակ կիրառվեն 2019թ. դրույքաչափերը, մաքսային ձևակերպման բոլոր գործողությունները պետք է իրականացվեն նախնական մաքսային հայտարարագրի գրանցմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում: Այսինքն` պետք է ավտոմեքենան տեղակայել մաքսային հայտարարագրում նշված մաքսային հսկողության գոտում, այդ մասին տեղեկացնել մաքսային մարմնին, ինչպես նաև ծանուցել մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունների փոփոխության դեպքում կատարված լրացումների մասին:
Նախնական մաքսային հայտարարագիրը ներկայացնելուց հետո օրենքով նախատեսված ողջ գործընթացը 30 օրում չկատարելու դեպքում մաքսազերծման ժամանակ հիմք են ընդունվելու 2020թ. ուժի մեջ մտած ԵԱՏՄ շրջանակում գործող դրույքաչափերը:










