ԱՄՆ պատժամիջոցները չեն խանգարելու հայ-իրանական տնտեսական, քաղաքական հարաբերությունների զարգացմանը. իրանագետ
Հաշվի առնվելով, որ իրավիճակին խառնված են նախ մեր բարեկամ և հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը, իսկ մյուս կողմից նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը նույնպես մեզ համար գործընկեր և բարեկամ երկիր է, իմ կարծիքով այդ առումով նորմալ է ՀՀ կողմից տարվող դիվանագիտական աշխատանքը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գարիկ Միսակյանը` անդրադառնալով Իրան-ԱՄՆ լարվածության համատեքստում ՀՀ իշխանությունների արձագանքին:
«Թեև ադրբեջանական կողմից ՀՀ վարչապետի անունից տարածված ապատեղեկատվության հետ կապված մի քիչ հայկական կողմը հապաղեց և այդ ապատեղեկատվությունը որոշակի տարածում գտավ, բայց այն նույնպես հերքվեց բավականին լավ կերպով»,-ասաց նա:
Ըստ իրանագետի`Իրանի փախստականների հնարավոր հոսքի համար նախապատրաստական աշխատանք իրականացնելը շուտ է, քանի որ գնահատելով իրավիճակը և այն դիվանագիտական փորձը, որը ունի Իրանը, նաև ԱՄՆ-ն, ներկա պահին լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորությունը բավական ցածր է:
«Ներկայումս ԱՄՆ-Իրան հարաբերություններում, կարծես թե, ինչ-որ դադար է, սակայն ներկա պահին հույս չկա, որ այդ հարաբերությունները կկարգավորվեն, այսինքն՝ երկկողմ բանակցություններ կամ կոմպրոմիսային հայտարարություններ դեռևս չկան»,- ասաց նա և նշեց, որ կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում բանակցային գործընթաց, կամ հարաբերությունների կարգավորում չի լինելու:
Ինչ վերաբերում է Հայաստանի վրա ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության հնարավոր ազդեցությանը, Գարիկ Միսակյանը նկատեց, որ Հայաստանն Իրանի հետ մշտապես ունեցել է լավ, բարիդրացիական հարևանական հարաբերություններ, ինչպես նաև առևտրաշրջանառություն:
«Հայաստանը և ԵԱՏՄ-ի հետ Իրանը շարունակում է իր տնտեսական հարաբերությունները։ Իմ կարծիքով՝ ԱՄՆ պատժամիջոցները և՛ չեն խանգարելու, և՛ չպետք է խանգարեն հայ-իրանական տնտեսական, քաղաքական հարաբերությունների զարգացմանը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Սպանությունից հետո Իրանը պենտագոնը ճանաչեց ահաբեկչական կազմակերպություն, իսկ երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացավ վրեժ լուծել Սոլեյմանիի սպանության համար: Այնուհետև Իրանը հրթիռակոծեց Իրաքում գտնվող ամերիկյան երկու ռազմաբազա։










