Լույս հունվարի 8-ին Իրանի ավիահարվածի հետևանքով 11 ամերիկացի զինծառայող է վիրավորվել. Defence One
Լույս հունվարի 8-ին Իրանի կողմից Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան երկու ռազմաբազաներին ուղղված ավիահարվածների հետևանքով 11 ամերիկացի զինծառայող է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է Defense One-ը՝ մանրամասնելով, որ նրանք անմիջապես տեղափոխվել են Քուվեյթ և Գերմանիա, որտեղ անհրաժեշտ բուժում են ստանում:
Տեղեկությունը Defense One-ին է փոխանցել Բաղդադում ԱՄՆ ռազմական հրամանատարության խոսնակ գնդապետ Մայլս Քեգինսը:
Նա հրաժարվել է զինծառայողների առողջական վիճակի մասին տեղեկություններ փոխանցել՝ հավելելով միայն, որ ապաքինումից հետո նրանք կրկին Իրաք կվերադառնան:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ իրականացրած հատուկ գործողության ժամանակ Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Հունվարի 8-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:
Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: Ամերիկյան կողմը հերքել է զոհերի մասին տեղեկությունը:

![]()










