5 երկրներ Թեհրանում կործանված ինքնաթիռի համար փոխհատուցում են պահանջում Իրանից

03:44 • 17.01.20

5 երկրներ փոխհատուցում են պահանջում Իրանից, որի զինվորականների մեղավորությամբ խոցվել էր ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը: Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանյը: Փոխանցում է Gazeta.ru-ն:

Նա ընդգծել է, որ փոխհատուցում են պահանջում Կանադան, Աֆղանստանը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան և Ուկրաինան, որոնց քաղաքացիները գտնվել են կործանված ինքնաթիռում:

Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»: