Ավելի քան 20 000 կին ճապոնացի միլիարդատիրոջ հետ դեպի Լուսին թռչելու պատրաստակամություն է հայտնել
Ավելի քան 20 000 կին հայտ է ներկայացրել ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավայի հետ 2023թ. դեպի Լուսին թռչելու նպատակով հայտարարված ընտրական փուլին մասնակցելու համար:
Ինչպես հայտնում է asiaone.com-ը, բոլոր ցանկացողներին առաջարկվել է քարտեր լրացնել՝ պատասխանելով մի շարք հարցերի, այդ թվում՝ բավականին տարօրինակ ու անհարմար: Պատասխանները հնարավորություն կտան պարզել՝ արդյոք կանայք համատեղելի են միլիարդատիրոջ հետ և արդյոք նրանց նախասիրությունները համընկնում են:
Աղբյուրը մանրամասնում է, որ աղջիկների ընտրման փուլը վերածվել է Full Moon Lovers խորագրով հեռուստաշոուի, որի շրջանակում միլիարդատերը ժամադրությունների կգնա հավակնորդների հետ: Մինչդեռ վերջնական ընտրությունը Մաեձավան կկատարի մարտին:
Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Մաեձավան իր համար ընկերուհի է փնտրում, որպեսզի նրա հետ 2023թ. դեպի տիեզերք թռչի: 44-ամյա մեծահարուստը ցանկանում է պատմական թռիչքի ժամանակ իր կողքին տեսնել 20 տարեկանից բարձր կնոջ, որը նախևառաջ կլինի խաղաղասեր, կհետաքրքրվի տիեզերքով և կկարողանա մասնակցել թռիչքի նախապատրաստական աշխատանքներին:
«Իրականում ես ցանկանում եմ կյանքի ընկեր գտնել ու նրա հետ դեպի տիեզերք թռչել»,- խոստովանել է Zozo Inc.-ի նախկին սեփականատերը: Նա այդ նպատակով կայք է բացել, որտեղ առաջարկում է գրանցվել բոլոր հետաքրքրվողներին:
Մաեձավան իր ընտրության մասին կհայտարարի մարտի վերջին: 2023թ. ծրագրված թռիչքն իրականացվելու է Իլոն Մասկի SpaceX տիեզերանավով, որը պտտվելու է Լուսնի շուրջը: Աղբյուրը մանրամասնում է, որ Մաեձավայի թռիչքի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի:










