Վիճաբանություն-ծեծկռտուք` Դավիթաշենում. թիվ 93 դպրոցի բակից 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Հունվարի 15-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են՝ «գանգուղեղային տրավմա հարցականով և ձախ քունքային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ տեղափոխված անձը Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 22-ամյա Պարույր Ս-ն է, իսկ «ողնաշարի վնասվածք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա Վրեժ Ս-ն։
Մինչ բժիշկները վիրավորներին բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանները պարզել են, որ վիճաբանություն-ծեծռկտուքը տեղի է ունեցել Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 93 դպրոցի բակում և նշված անձանց մարմնական վնասվածքներ են պատճառել Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վաչե Դ-ն և 18-ամյա Օնիկ Մ-ն։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










