«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենի ընտրության հարցում ունեմ անձնական շահ՝ պայմանավորված թե՛ իմ երեխաների, թե՛ մարզի երեխաների որակյալ ծառայություն ստանալով. ՀՀ Շիրակի մարզպետ

14:36 • 18.01.20

«Այո՛, այս հարցում ես ունեմ անձնական շահ՝ պայմանավորված թե՛ իմ երեխաների, թե՛ մարզի երեխաների որակյալ ծառայություն ստանալով»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին և նշանակմանը:

«Տեսականորեն՝ մրցույթը հաղթահարել են երկու թեկնածու, որոնք երկուսն էլ իրենց մասնագիտական որակներով, հմտություններով միմյանց չեն զիջում: Այն պարագաներում, որտեղ մենք հնարավորություն ունենք որակը բարձրացնելու, մենք բարձրացնում ենք»,-ասաց Պետրոսյանը:

Նա նշեց, թե մրցույթի հետ կապված մտահոգություն ունի, քանի որ անհարկի լարվածություն էր ստեղծվել նաև ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությամբ, որն ինչ-որ առումով միջամտություն էր մրցույթի աշխատանքին:

«Մրցույթի գործընթացը ես չեմ հորինել, այն հստակ ֆիքսված է և կանոնակարգում է` ինչպես է ստեղծվում հանձնաժողովը, ովքեր են հանձնաժողովի անդամները, ինչ հարցաշարով է այդ ամենը տեղի ունենում: Աշխատել եմ ինձ մաքսիմալ հեռավորության վրա պահել: Հանձնաժողովի կազմում չի եղել որևէ հայեցողական պաշտոն, չկար կուսակցական դերակատարություն»,-ասաց մարզպետը, ապա հավելեց.

«Կարծում եմ`նորընտիր տնօրեն Ժորժիկ Սերոբյանն այն մարդն է, որը և՛ մասնագիտական, և՛ մարդկային, և՛ կրթական որակներով կարող է ղեկավարել հիվանդանոցը»:

Հիշեցնենք,  որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար թեժ պայքար է ընթացել, որի արդյունքում հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը 50 միավորից հավաքել է 50-ը, Ժորժիկ Սերոբյանը` 50-ից 48-ը: Մրցութային հանձնաժողովի 7 հոգանոց կազմից 7-ը կողմ են քվեարկել Կուրղինյանին, իսկ Սերոբյանին 7-ից 6-ն է կողմ քվեարկել, այն դեպքում, երբ հանձնաժողովի կազմը ձևավորել է մարզպետը: