Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք տեղի է ունեցել 4-5 և 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ (լրացված)

09:49 • 18.01.20

Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում,  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում:

Այնուհետև՝ ժամը 08:20-ին Աշոցքից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ 2.4 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ, որն զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում:

Ավելի ուշ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ երկրաշարժին հետևել է 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 մագնիտուդ։

Երկրաշարժը Ջավախքի սեյսմաակտիվ ընդարձակման գոտում է, որին բնորոշ են մեծ քանակությամբ թույլ սեյսմիկ ցնցումներ, իսկ միջին ուժգնության երկրաշարժերից հետո լինում են բազմաթիվ հետցնցումներ։

Այսպիսով՝ հունվարի 18-ին գրանցված երկրաշարժը և նրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող դառնալ խուճապի պատճառ։

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկում, պարբերաբար գնահատում ընթացիկ սեյսմիկ վտանգը ՀՀ և ԱՀ տարածքներում։ Թուլացող հետցնցումները ցույց են տալիս, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է: