Այրել են կամուրջները. Մեգանն ու արքայազն Հարին աշխատանքից ազատել են լոնդոնյան առանձնատան ամբողջ անձնակազմին. լրատվամիջոցներ
Արդեն մի քանի օր է, ինչ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին հարազատների հետ պայմանավորվածություններ է ձեռք բերում իր ընտանիքի ապագայի շուրջ: Թվում է, թե նրանք հասել են իրենց նպատակին և շատ քիչ կայցելեն Լոնդոն: Այնուամենայնիվ, Ֆրոգմոր հաուսում իրենց այլևս ոչ ոք չի սպասում, գրում է Woman.ru-ն:
Ինչպես արդեն հայտնել էինք, Էլիզաբեթ Երկրորդ թագուհին պաշտոնապես թույլատրել էր արքայազն Հարիին և Մեգան Մարքլին բնակվել երկու պետություններում և չկատարել թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտավորությունների մի մասը:
Մամուլը գրում է, որ մի քանի օր անց Հարին կկարողանա լքել Լոնդոնը՝ ընտանիքին միանալու համար: Սակայն, երկրպագուները մտավախություն ունեն, որ դրանից հետո Սասեքսի դուքսը շուտ չի վերադառնա հայրենիք:

Բրիտանական ԶԼՄ-ները պարզել են, որ Սասեքսի դքսի և դքսուհու առանձնատան՝ Ֆրոգմոր հաուսի ամբողջ անձնակազմին հայտնել են, որ Հարին և Մեգանն այլևս իրենց ծառայությունների կարիքը չունեն:
Նշվում է, որ թագուհին որոշել է առանձնատան աշխատակիցներից մի քանիսի համար այլ աշխատանք գտնել թագավորական պալատում: Խոսքն այն աշխատակիցների մասին է, որոնք երկար տարիներ աշխատում են թագավորական տանը, և անհարգալից կլիներ նրանց հայտնել աշխատանքից ազատման մասին:










