Ուզում եմ զգուշացնել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդներն այսօր կանգնած են գրեթե նույն վտանգի առաջ, ինչ հայերը՝ նախորդ դարի վերջին. Ա. Միրզոյան (տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կարևորում է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին ճիշտ գնահատական տալը՝ նշելով, որ այդպես կարող են կանխվել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկության դեմ նոր հանցագործությունները: Այս մասին Միրզոյանը հայտնեց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում:
«Հատկանշական է նաև, որ այսօր արդեն ադրբեջանական իշխանությունները միևնույն ձեռագիրն են որդեգրել Ադրբեջանի տարածքում բնակվող այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ: Ես ուզում եմ զգուշացնել միջազգային հանրությանը, որ Ադրբեջանում բնակվող տեղաբնիկ ժողովուրդներն այսօր կանգնած են գրեթե միևնույն վտանգի առաջ, ինչ հայերը՝ նախորդ դարի վերջին: Ադրբեջանի իշխանությունների նմանօրինակ վարքագիծը և մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար, ես կարևորում եմ միջազգային հանրության և գործընկեր խորհրդարանների կողմից տեղի ունեցած հանցագործություններին ճիշտ գնահատական տալը»,- ասաց Միրզոյանը:
ԱԺ նախագահը հիշեցրեց, որ հայերի նկատմամբ իրականացված ջարդերը և բռնությունները Եվրոպական խորհրդարանի կողմից դատապարտվել են երեք անգամ:










