Լրատվամիջոցը պետք է անխոչընդոտ գործի, և որևէ իշխանություն իրավունք չունի հայտարարություններով կարգավորել մամուլի գործունեությունը. Նարինե Մկրտչյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Ժողովրդավար պետությունում իշխանության համար ընդունելի կամ ոչ ընդունելի լրատվամիջոցներն իրենց գործունեության համար պետք է ունենան հավասար պայմաններ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մամուլի մասին այն հայտարարությանը, ըստ որի Հայաստանում կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան և ըստ առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի փոխարեն կարելի է գրել «Կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ»։
Նարինե Մկրտչյանը նշեց, որ ցանկացած իշխանություն Հայաստանում ունեցել, ունի և պետք է ունենա ցանկալի և ոչ ցանկալի լրատվամիջոցներ։ Նա նշեց, որ շատերը կարող են չներկայացնել, թե որ լրատվամիջոցներն են իրենց համար անընդունելի, սակայն հիմա Նիկոլ Փաշինյանն սկսել է արտահայտվել և դասակարգել իր համար ոչ ցանկալի լրատվամիջոցները։ «Ես դա դիտարկում եմ, որպես իշխանության չփոփոխվող բնույթ»,– ասաց Tert.am-ի զրուցակիցը։
Հարցին, թե արդյոք այս հայտարարությունը վտանգ է պարունակում լրատվամիջոցների համար՝ Նարինե Մկրտչյանը պատասխանեց. «Անշուշտ վտանգ կա, որովհետև դու կարող ես երկար մտածել, հետո մի պահ կգա, երբ իշխանության պահպանման խնդիր կառաջանա, այդ ժամանակ իշխանության վտանգների շարքում առաջինը կդիտվի մամուլը։ Այդ առումով, եթե նրանք խոսքից գործի անցնեն, կարող լուրջ վտանգավոր լինել»։
«Կարելի է նշել, որ քաղաքական խառը վիճակներում միշտ հայաստանյան մամուլը բևեռացվում է, շատ անգամ այն դառնում է տենդենց։ Պրոֆեսիոնալ առումով՝ երևույթը ցանկալի չէ, բայց լրատվամիջոցի անխոչընդոտ գործունեության իրականացումը պետք է ապահովվի, և որևէ իշխանություն իրավունք չունի նման հայտարարություններով կարգավորել մամուլի գործունեությունը. դա մամուլի ինքնակարգավորման խնդիրն է»,- նշեց Նարինե Մկրտչյանը։
Հարցին, թե իշխանության կողմից նման հայտարարությունը կարող է ենթադրել, որ որոշ լրատվամիջոցներ կփակվեն՝ Մկրտչյանը նշեց, որ առաջիկայում քիչ հավանական է։ Բայց, եթե առաջիկայում բախվենք մարդու իրավունքների սահմանափակման, ապա ցանկացած պատրվակով դա կարող է տեղի ունենալ։
Իշխանության կողմից հնչող նման հայտարարություններին ՀՌՀ-ի սպասվող պատասխանի մասին Նարինե Մկրտչյանը նշեց, որ այդ հանձնաժողովը միշտ հայտնվում է իշխանության գրպանում։ «Այդ հանձնաժողովն իր գործունեությամբ և անձնակազմով ապացուցել է, որ նա կատարում է իշխանության հրահանգը։ Այս առումով ՀՌՀ-ից որևէ սպասելիք չկա, քանի որ նույնիսկ օրենքով սահմանված իր գործառույթները չի իրականացնում, մտածում է՝ ինչպես հաճոյանալ իշխանություններին»,- դիտարկեց նա։
Անդրադառնալով հարցին, թե պարբերաբար լրատվամիջոցների վրա հարձակումներ եղան, բայց իշխանությունը սպասվող պատասխանը չտվեց՝ Մկրտչյանն ասաց, որ շատ անգամ արձագանքելու դեպքում՝ պահանջներն ու ասելիքներն ավելանում են։
Հիշեցնենք, որ այս շաբաթ ՀՀ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված պետք է ունենանք շատ կոնկրետ պատասխաններ, և մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը պետք է բարձրացնենք:
Վարչապետը նշել էր, որ այն լրատվական պատերազմը, որ Կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ իրենք իրենց աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնեն, բայց իրենք պետք է գնան այն ճանապարհով, որ «իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա»: Նրա խոսքով՝ կան առնվազն երկու հեռուստաալիք, որոնց լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ»։ «Նման հեռուստաընկերության գործունեությունն իրենց համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների ու մետաստազների»,- ասել էր վարչապետը։










