Ուկրաինական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված կանադացիների ընտանիքները 19 000-ական դոլար փոխհատուցում կստանան. Թրյուդո
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված կանադացի ընտանիքները 19 000 դոլարի չափով փոխհատուցում կստանան: Այս մասին տեղեկացնում է apnews.com կայքը:
«Կառավարությունը 25 000 կանադական դոլար (19 122 ԱՄՆ դոլար) կվճարի Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառով զոհված Կանադայի 57 քաղաքացիների և 29 մշտական բնակիչների ընտանիքներից յուրաքանչյուրին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Թրյուդոն ընդգծել է նաև, որ ինքը դեռ սպասում է, որ Իրանը նույնպես փոխհատուցում կվճարի կանադական ընտանիքներին, բայց նրանց արդեն հիմա է գումար հարկավոր Իրան գալու, հաշիվներն ու թաղման ծախսերը փակելու համար:
Վարչապետը վստահեցրել է, որ Իրանից եկող ամբողջ գումարը կհատկացվի զոհերի ընտանիքներին, և կանադական կառավարությունը չի յուրացնի դրանք:
Թրյուդոն կրկին նշել է, որ ինքնաթիռի կործանման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Իրանը, նա հիշեցրել է, որ ինքնաթիռի «սև արկղերը» զգալիորեն վնասված են, և Իրանը, ի տարբերություն Ֆրանսիայի, չունի այն փորձն ու սարքավորումները, որոնք հարկավոր են «սև արկղերի» վերծանման համար:
Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»:










