Մամուլի շենքի առաջին հարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պատճառները հայտնի են, տուժածներ չկան (թարմացված, տեսանյութ)

12:53 • 18.01.20

14:15

«Առաջին հարկում գտնվող հոսանքի վահանակներն են այրվել: Հոսանքազրկումը մի փոքր ուշացավ, որովհետև ամեն հարկ, կարծես, առանձին սնուցում ուներ: Ներկայում կարող եմ ասել, որ հրդեհը մեկուսացվել է, որևէ վտանգավոր բան չկա, որևէ սենյակ չի այրվել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ մայոր Արթուր Մարդանյանը: 

 

13:35

Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան: Այս մասին նշեց «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

«Տուժածներ չկան, ոչ ոքի բժշկական հաստատություն տեղափոխելու կարիք չի եղել, սակայն առաջին իսկ րոպեներից մեր բժիշկները տեղում են»,-ասաց Թագուհի Ստեփանյանը:

Շենքում գտնվողները տարհանվել են, տեղում աշխատում է ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

 Մամուլի շենքի վերին հարկերից իջած անձանցից Լիլիթ Մադունցը լրագրողների հետ զրույցում նշեց՝ արագ իջել են, ապա նոր իմացել, որ 1-2 հարկերում ինչ-որ բան այն չէ:

«Ես ենթադրում եմ, որ կարճ միացում է եղել, որովհետեւ լույսերը գնացին»,-ասաց նա և ընդգծեց, որ դեռ չէին հասցրել իջնել ներքև, արդեն 4 մեքենա Մամուլի շենքի բակում էր: 

 

12:53

ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը հունվարի 18-ին՝ ժամը 11:47-ին, ահազանգ է ստացել այն մասին, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:

Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: