Ամանորի գիշերը Սանկտ Պետերբուրգի հրապարակում Տաջիկստանի և Ուզբեկստանի դրոշները ծածանած ներգաղթյալներին կվտարեն երկրից (լուսանկարներ)

13:05 • 18.01.20

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները միջոցառումներ են ձեռնարկել Ուզբեկստանից ու Տաջիկստանից ներգաղթյալների նկատմամբ, որոնք Ամանորը դիմավորել էին քաղաքի կենտրոնական հրապարակում: Նստած լինելով իրենց ընկերների ուսերին` երիտասարդները ծածանել էին իրենց երկրների դրոշները:  

Նման կերպ հայրենասիրական զգացմունքները ցուցադրելն օրենսդրորեն արգելված չէ, գրում է «Ֆոնտանկա»-ն, սակայն ներգաղթյալները, որոնց ֆիքսել էր տեսախցիկը, գրավել են իրավապահների ուշադրությունը, որոնք էլ ստուգել են նրանց փաստաթղթերը:

Ոստիկանները տեսաձայնագրության միջոցով գտել են 14 ներգաղթյալին և զննել նրանց: Պարզվել է, որ նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ ձևով խախտել է Ռուսաստանում գտնվելու կանոնները: Ներգաղթյալների մի մասը կեղծ տեղեկություններ է ներկայացրել միգրացիոն հաշվառման ժամանակ, մյուսները խախտել են մուտքի կանոնները:

Այժմ նրանցից երեքին սպասվում է երկրից վտարում, ևս մեկը ՌԴ-ն կլքի ինքնուրույն:

Մնացյալ տասը ներգաղթյալների համար կա՛մ կրճատվել է երկրի տարածքում գտնվելու ժամկետը, կա՛մ միջնորդություն է ներկայացվել նրանց կրկնակի մուտքն արգելելու վերաբերյալ: