Նրանք ի սկզբանե ունեցել են իրենց թեկնածուն, և ես պատրաստվում եմ վիճարկել  անարդար ու անազնիվ ընտրությունների արդյունքը. Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի նախկին տնօրեն

16:46 • 20.01.20

Ես անարդար և ոչ ազնիվ ընտրությունների արդյունքը պետք է վիճարկեմ։ Մեթոդները հիմա չեմ կարող ասել՝ դատական, քաղաքական, բայց պետք է վիճարկեմ։ Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը` անդրադառնալով հիվանդանոցի տնօրենի ընտրությանը։

Նշենք, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար թեժ պայքար է ընթացել, որի արդյունքում հիվանդանոցի նախկին տնօրեն Աշոտ Կուրղինյանը 50 միավորից հավաքել է 50-ը, Ժորժիկ Սերոբյանը` 50-ից 48-ը: Մրցութային հանձնաժողովի 7 հոգանոց կազմից 7-ը կողմ է քվեարկել Կուրղինյանին, իսկ Սերոբյանին 7-ից 6-ն է կողմ քվեարկել, այն դեպքում, երբ հանձնաժողովի կազմը ձևավորել է մարզպետը:

Աշոտ Կուղինյանը անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ բավարար միավորներ ունենալով հենց նա չի տնօրեն նշանակվել, ասաց, որ մարզպետարանն իր տարբերակն ունի, իսկ նա՝ իր։ «Նրանք ի սկզբանե ունեցել են իրենց թեկնածուն»:

Նրա խոսքով՝ մարզպետի հետ վատ հարաբերություն չի ունեցել, չնայած միշտ սպասել է, որ մարզպետը կարող էր նման որոշում կայացնել։ Կուղինյանը նշեց, որ մի քանի տարի է, ինչ ակտիվ քաղաքականությամբ չի զբաղվում և չի կարծում, որ մարզպետի այդ որոշումը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ։

«Իրականում «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» շատ բարեփոխումներ եղան, և արդեն մեկ տարի է Շիրակի մարզպետը Տիգրան Պետրոսյանն է, սակայն իմ հրավերներին նա չի արձագանքել, այցերի առիթներ շատ են եղել, բայց այդ մասին նույնիսկ մարզպետարանի կայքը չի գրել։ Այդ ժամանակ էլ հասկացել եմ, որ իմ հանդեպ վերաբերմունքն այն չէ»,- նշեց հիվանդանոցի նախկին տնօրենը։

Հարցին, թե նորընտիր տնօրեն Ժորժիկ Սերոբյանը բարեկամական կապ ունի մարզպետի հետ, Կուրղինյանը նշեց, որ բարեկամական կապ ունի մարզպետի մտերիմ ընկերոջ՝ Կարեն Պետրոսյանի հետ, որոնք ունեն նույն քաղաքական հայացքները։

Հարցին, թե բողոքը բարձրաձայնելու նպատակով ի՞նչ քայլեր է պատրաստել, Կուղինյանը պատասխանեց. «Ես հիմա չեմ ուզում հետագա քայլերս մանրամասնել, քանի որ դրանք հիմա հստակեցման փուլում են։ Բայց չեմ կարող այնպես անել, որ հարցը մարի կամ մոռացվի»։