Այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են Կուտոյանի ինքնասպանության մասին, բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածներն ստուգվելու են. Գլխավոր դատախազ (տեսանյութ)

00:56 • 20.01.20

Այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին, բայց բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննություն կիրականացվի: Այս մասին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Դեպքի վերաբերյալ արդեն ապահովվել է որոշակի հրապարակայնություն։ Իսկապես այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Ձեզ արդեն հայտնի է, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածներն ամենայն խորությամբ ստուգվելու են»,- ասաց Արթուր Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ առավել շահարկումներից խուսափելու համար այս պահին կրկին հաստատում է այն, որ ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ` ինքնասպանության մասին վկայող, բայց բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: