Բրիջիտ Բարդոն կենդանիների պաշտպանության հարցով բաց նամակ է գրել Մակրոնին

18:32 • 20.01.20

Ֆրանսիացի հանրահայտ դերասանուհի Բրիջիտ Բարդոն բաց նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ասելով, որ հոգնել է կենդանիների պաշտպանության հարցի շուրջ անիմաստ զրույցներից:

Կենդանիների պաշտպանության հարցին մեծ ուշադրություն դարձնող 85-ամյա կինոաստղի ստորագրությամբ նամակը հրապարակվել է իր թվիթերյան էջում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, վերջինս հիշեցրել է, որ 2018-ին նախագահի հետ հանդիպման ժամանակ 4 առաջնային միջոցներ են ներկայացվել, որոնք պետք է ընդունվեին կենդանիների պաշտպանության համար՝ սպանդանոցներում կենդանիների ծիսական սպանության արգելքը, սննդում ձիու մսի օգտագործման արգելքը, թուխս հավերի «համակենտրոնացման թռչնաբուծարանների» և արու ճտերի սպանդի արգելքը:

«Դուք ցնցված էիք տեղեկանալով, որ նման կտտանքներ են կիրառվում մինչ օրս: Դուք ինձ ասացիք, որ արդեն երկար տարիներ Ֆրանսիայում ձիու միս չեն ուտում և ցնցված էիք՝ իմանալով, որ դեռ ուտում են: Դա ինձ հույս տվեց, որ Դուք վերջապես որոշում կկայացնեք այդ հարցերի շուրջ: Դուք ինձ պետք է պատասխան տայիք 2018-ի դեկտեմբերին, իսկ ես դեռ սպասում եմ՝ չնայած իմ բազմաթիվ նամակներին, որոնք անպատասխան են մնացել, նույնիսկ Ձեր քարտուղարի կողմից»,- գրել է Բարդոն:

Բարդոյի խոսքով՝ Ֆրանսիան դաժանության վայր է դարձել և հետնթաց է ապրում, մինչդեռ Եվրոպայում որոշումներ են կայացվում կենդանիների տանջանքները թեթևացնելու համար»: