Չինաստանում հաստատվել է երկրում տարածվող նոր կորոնավիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցման դեպքը
Չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է առողջապահության հարցերով պետական փորձագիտական հանձնաժողովի ղեկավարը:
«Գուանդուն նահանգում երկու դեպք է գրանցվել: Նրանք Ուհան չեն մեկնել, սակայն նրանց ընտանիքի անդամները մեկնել են և այնտեղ վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով: Այդ պատճառով այժմ կարելի է հստակ ասել, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն»,- աղբյուրը մեջբերում է հանձնաժողովի ղեկավարին, որը ելույթ է ունեցել Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությամբ:
Փորձագետը նշել է, որ կան նաև բուժանձնակազմի անդամների վարակման դեպքեր: Ներկա պահին հայտնի է 14 բուժաշխատողների հիվանդության մասին:
Հեբեյ նահանգի Ուհան քաղաքում անհայտ տեսակի թոքաբորբի վիրուսի տարածման մասին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին դեկտեմբերի վերջին: Փորձագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել:
Նշվում է, որ Ուհան քաղաքում հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հունվարի 20-ի դրությամբ կազմել է 198 մարդ: Երեք մարդ մահացել է: Վիրուսով վարակվելու երկու դեպք գրանցվել է Պեկինում:










