«Վարչապետ ջան, ի՞նչ ես ուզում գյուղացիներից, թողեք ապրենք»․ անասնաբույծներն ու մսավաճառները բողոքի ակցիա են անում՝ ընդդեմ Կառավարության՝ սպանդանոցների մասին որոշման (տեսանյութեր)

10:35 • 20.01.20

14:30

Ակցիայի մասնակիցներից մեկը տեղեկացրեց, որ իրենց գործընկերները այժմ փակել են Աշոցք-Ամասիա ճանապարհը:

14:20

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, թե անգրագետ հաշվարկ է արվել, գյուղացուց չեն հարցրել՝ ոնց անեն, որ նրա համար էլ լավ լինի, կառավարության համար էլ լավ լինի, սնունդն էլ մաքուր լինի: «Չեն հարցրել, քնել, վեր են կացել, առավոտը ասել են՝ ամսի 15-ից սպանդանոցներ են գործելու»:

Մեկ այլ մասնակից էլ նշեց, թե օրենքն ընդունելիս հաշվի չեն առել ոչ մեկի կարծիքը, չեն ուսումնասիրել՝ մինչև հիմա այս համակարգն ինչպես է աշխատել: «Անասունի մորթն արվել է, մսագործին վճարել են, միսը՝ վաճառել: Եթե ուզում են՝ մաքուր միս լինի, թող ստիպեն մսագործներին, որ սառնարան-ավտոմեքենաներ առնեն, թող ստուգեն տեղափոխողներին՝ տեսնեն՝ ոնց են տեղ հասցնում միսը».-ասաց նա:

Ըստ ակցիայի մասնակցի՝ անասունը տեղափոխելու համար գյուղացին պետք է գումար ծախսի, դրա տեղափոխման համար, հետո սպանդանոցին վճարի: «Տեղափոխման ժամանակ մսի քաշի կորուստ է լինում, նաև՝ որակն է ընկնում: Ո՞վ է այս ամենի պատասխանները տալու»,-նշեց նա:

10:35

Անասնաբույծները և մսավաճառները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում։ Նրանք դեմ են Կառավարության՝ սպանդանոցներում մորթ անելու որոշման։ Անասնաբույծները և մսավաճառները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։

Գյուղացիներից մեկը նշեց, որ այստեղից ոչ մի տեղ չեն գնա, մինչև չհանդիպեն վարչապետին։ Նա, դիմելով Ն․ Փաշինյանին, ասաց՝ «Վարչապետ ջան, ի՞նչ ես ուզում գյուղացիներից, թողեք ապրենք»։

Հիշեցնենք, որ օրերս նրանք Կառավարության մոտ դարձյալ բողոքի ակցիա էին անում։ Անասնաբույծները նշում էին, որ Կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։

Նրանք սպառնում էին, որ այսօրվանից՝ երկուշաբթի օրվանից, խանութներին միս չեն մատակարարի։