Լոնդոնում 3 մարդ է դանակահարվել հակառակորդ խմբերի միջև բախման հետևանքով (լուսանկարներ, տեսանյութ)
Լոնդոնի հյուսիսարևելյան մասում գտնվող Իլֆորդ շրջանում հակառակորդ խմբերի միջև բախման հետևանքով զոհեր են գրանցվել, գրում է Daily Mail պարբերականը` Սքոթլենդ Յարդի մամուլի ծառայությանը հղումով, հավելելով, որ ոստիկանությունը դանակահարված 3 մարդու դի է հայտնաբերել:
Նշվում է, որ իրավապահները դեպքի վայր են ժամանել հունվարի 19-ի երեկոյան հասարակական կարգի խախտման մասին բողոքներ ստանալուց հետո:
Նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վադի Կամաչոն Twitter սոցիալական կայքի իր էջում կարճ տեսանյութով է կիսվել՝ հրապարակմանը կից գրելով, որ մահացած տղամարդկանցից մեկը պարանոցից է արյունահոսել: Արյունն ամենուրեք է եղել:
Մամուլի ծառայության տվյալների համաձայն` մահացածները 20-ից 30 տարեկան անձինք են եղել: Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել:
Հանցագործության կասկածանքով 29 և 39 տարեկան երկու մարդ է ձերբակալվել:















