Կոլումբիան «Հեզբոլլահը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն
Կոլուբիայի անվտանգության խորհուրդը հաստատել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից ահաբեկիչներ ճանաչված անձանց և կազմակերպությունների ցանկը: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Իվան Դուկեն, որը նշել է, որ ցանկը ներառում է «Հեզբոլլահ» շարժումը, ինչպես նաև «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունները:
«Ցանկը հնարավորություն կտա ժամանակին հայտնաբերել «Հեզբոլլահ», «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» խմբավորումների անդամներին: Մենք պահանջում ենք երկրների միջև համապատասխանեցնել տվյալների բազան»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ թվիթերյան իր էջում գրել է Դուկեն կադետական դպրոցում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մասնակցությամբ ոգեկոչման արարողությունից հետո:
Նախագահը հավելել է, որ հակաահաբեկչական տեղեկատվության փոխանակումը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել երկրի տարածքում գործող ապստամբների դեմ, այդ թվում՝ Կոլումբիայի ազգային ազատագրական բանակի դեմ, որին անդամակցում է մի քանի հազար մարդ:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Դուկեի հետ հանդիպումից հետո թվիթերյան իր էջում ողջունել է Իրանի կողմից աջակցություն ունեցող «Հեզբոլլահը» ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին Կոլումբիայի, Հոնդուրասի և Գվատեմալայի իշխանությունների որոշումը










