Սպանդանոցը կառուցեք այն մարդկանց համար, որոնք 500-ից ավելի անասուն ունեն. Արմավիրի մարզի անասնաբույծները բողոքի ակցիա արեցին (տեսանյութ)
12։18
Արմավիրի մարզի անասնաբույծները բողոքի ակցիան դադարեցնում են։ Նրանք երեկոյան սպասելու են մարզպետի պատասխանին, սակայն եթե պատասխանը չգոհացնի, կրկին կսկսեն բողոքի ակցիաներն ու ճանապարհ փակելու գործընթացը։
12:08
«Օրենքը թերի է, իրականությունից կտված։ Խնդիրն այն է, որ դուք մոնոպոլիա եք ստեղծում․ ընդամենը 13 գործող սպանդանոց եք կառուցում ու ասում, որ 22-ն են»,- ասաց բնակիչներից մեկը և հավելեց, որ ցանկանում էին ԱԺ-ի դիմաց ակցիա անել, սակայն չկարողական, որովհետև դժվար է գյուղացիներին հասցնել Երևան։
«Երեկ մի սխալ հայտարարություն արեցին, որ ասացինք` ժամը 8-ին ակցիան սկսում ենք։ 8-ին բոլորս գոմերում գործ էինք անում, դրա համար պատկան մարմիները կարողացան մեզանից շուտ գալ ու մեզանից շատ ոստիկան լցնել այստեղ»,- նշեց նա։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ապրելու համար պայմաններ են պետք, ոչ թե անընդհատ խոչընդոտել գյուղացու աշխատանքին և հիասթափեցնել։ Նա նաև հիշեցրեց՝ իշխանությունը հաճախ ասում է, որ օրենքը ժողովուրդը պետք է ստեղծի, բայց հիմա իրենց ոչինչ չեն հարցնում։
«Դուք մեզ հարց եք տալիս, մենք պատասխանում ենք, բա մեր հարցերին ո՞վ է պատասխանելու։ Արդեն քանի օր է՝ ցույց ենք անում, ի՞նչի մեկը չի ներկայանում, ասում՝ այս հարցին պատասխան տանք, որ բոլորին բավարարի։ Ես չեմ ասում՝ նստեմ տանը, ինձ փող բերեք տվեք, ես ասում եմ՝ թողեք, աշխատեմ»,- ասաց նա։
10:59
Այսօր անասնաբուծությամբ զբաղվողները բողոքի ակցիա են սկսել Արմավիրի և Արարատի մարզում` փակելով Երևան-Արարատ և Երևան–Արմավիր ճանապարհները: Նրանք դժգոհում են հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից` նշելով, որ սպանդանոցները հեռու են, և մորթն իրականացնելու համար մեծ գումար է պետք ծախսել:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ վստահելի չէ նոր որոշման գործելաոճը, քանի որ այն թույլ չի տալիս կենդանու մորթը տեսնել: «Մենք ձեզանից ոչ մի ավել բան չենք ուզում, ո'չ հայհոյում ենք, ո'չ վիրավորում ենք, մի «չոբանի» փայտ ունենք, ուզում ենք` չվերցնեք: Սպանդանոցը կառուցեք այն մարդկանց համար, որոնք 500-ից ավելի անասուն ունեն»,- ասաց նա: Ակցիայի մասնակցի խոսքով` անհնար է իրագործել այդ որոշումը, քանի որ հեշտ չէ կենդանիներին հեռու տանել:
Արմավիրի մարզում անասնաբույծների հետ հանդիպեց մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյան, որը նշեց` մարզում արդեն չորս սպանդանոց կա, և դրանք շուտով կգործեն, սակայն բնակիչները դեմ են:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մեր մարզի անասնաբույծները խնդիր չունեն»,- ասաց Արթուր Այվազյանը, սակայն բնակիչներից մեկը նշեց, որ դեմ է այդ հայտարարությանը, նա կոչ արեց, որ մարզի բոլոր բնակիչները գան ակցիայից և ցույց տան, թե խնդիրներն ինչքան շատ են։
«Առաջինը՝ ոչ ոք համաձայն չէ սպանդանոց կառուցելուն, երկրորդ՝ ֆիքսված 10 000 դրամին համաձայն չենք, երրորդ՝ սպանդանոցների թիվն այնքան չէ, որ բավարարի բոլորին: Պահանջեք այն ժամանակ, երբ ամեն ինչ բալանսի կբերեք»,- մարզպետարանի ներկայացուցչին ասաց բնակիչներից մեկը։
Նա նաև նշեց, որ այն պայմանները, որոնք առաջարկվում են սպանդանոցում մորթ կատարելու համար, միսը վաճառքի ենթակա չի դարձնի։ «Չլինող բան է, ո՞նց բացատրեմ»։
Մարզպետարանի ներկայացուցիչը համաձայնեց, որ խնդիրներն իրականում շատ են, բայց համբերել է պետք, որպեսզի տեսնեն, թե ինչպես է խնդիրը լուծվելու։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները Արմավիրի մարզպետի հետ հանդիպում են ուզում, սակայն նա փոխանցել է, որ չի կարող գալ։
Նշենք նաև, որ ակցիայի ընթացքում մարզում ոստիկանական մեծ ուժեր են բերվել:
Հիշեցնենք, որ 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:










