Քննիչ հանձնաժողով ստեղծման տապալումը վատ նախադեպ է խորհրդարանական Հայաստան ունենալու ճանապարհին. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Ազգային ժողովը չընդունեց 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը:
Մինչ քվեարկությունը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հույս հայտնեց, որ քաղաքական մեծամասնությունը հանձնաժողովի ստեղծումը չի տապալի: «Իրապես, հանձնաժողովի ստեղծման տապալումը վատ նախադեպ է ստեղծելու խորհրդարանական Հայաստան ունենալու՝ մեր բռնած ճանապարհին և երեկ տեղեկացրել եմ, որ լուրջ քաղաքական հետընթաց կարող է արձանագրել ժողովրդավարության առումով»,-ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս միացավ Մարուքյանի ասածին և կոչ արեց կողմ քվեարկել: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ վատ նախադեպն այն է, երբ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովն իրականացնի գործառույթներ, որոնք իր լիազորությունների մեջ չեն և պարունակում են հակասահմանադրական տարրեր:
«Մեր առաջարկն է, որ «Լուսավոր Հայաստանը» այդ քննությունը իրականացնի ավագանու միջոցով, իսկ «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցելու այս քվեարկությանը»,-ասաց Մակունցը:
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արձանագրեց, որ քաղաքական մեծամասնությունը մտադրություն չունի որևէ գործողություն իրականացնել, որը կարող է թողնել տպավորություն այս կամ այն հարցի ուսումնասիրությունը կոծկելու, ճիշտ հակառակը` կա քաղաքական կամք խոսելու, ուսումնասիրելու բոլոր այսպիսի երևույթները, բոլոր մարմինների գործարքները, բայց դա պետք է արվի ինստիտուցիոնալ ձևով և քաղաքական մեծամասնության համոզմունքն է, որ մենք չենք կարող գնալ մի քայլի, որը սահմանադրականության առումով կասկածելի է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ ստացվում է՝ քաղաքապետը չի տիրապետում այդ իրավական նորմերին, քանի որ կոչ է արել, որ բոլոր հարցերը ստեղծված հանձնաժողովում հնարավոր է ուսումնասիրել և լուծել:
Այսպիսով՝ հարցը դրվեց քվեարկության և 39 կողմ, 2 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունվեց։










