Թրամփը հայտնել է Դավոսում անցկացվող համաժողովում գրանցած «մեծ հաջողությունների» մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում գրանցած հաջողությունների մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մեծ հաջողությունների ենք հասնում Դավոսում: Մեծ թվով ընկերություններ կգան կամ կվերադառնան ԱՄՆ»,- Twitter-ում գրել է նախագահ Թրամփը:
Հիշեցնենք, որ Շվեյցարիայի արևելքում գտնվող Դավոս քաղաքում հունվարի 21-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական համաժողովը, որը կավարտվի հունվարի 24-ին:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Միացյալ Նահանգների նախագահն ԱՄՆ-ն անվանել է «համար առաջինը տիեզերքում» և խոստացել միլիարդավոր դոլարներ վերադարձնել երկրին: Վերջինս համաշխարհային էլիտայի ներկայացուցիչների առջև հայտարարել է, որ «ամերիկյան երազանքը» կրկին վերադառնում է, և որ այժմ այն ավելի մեծ է ու «առաջվանից ավելի լավը»:
Թրամփը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում երկրում արձանագրված ձեռքբերումները՝ 12 000 գործարանի բացում, 7 մլն նոր աշխատատեղի ստեղծում, հարստության համաչափ բաշխում և այլն:
«Հպարտ եմ հայտարարել, որ ԱՄՆ-ն տնտեսական բում է ապրում, ինչպիսին ամբողջ աշխարհը երբեք չի տեսել: Ամերիկան ծաղկում է, բարգավաճում և հաղթում այնպես, ինչպես երբևէ չի հաղթել անցյալում»,-հայտարարել է նա:
2019 թվականի հունվարին Թրամփն ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման պատճառով չեղարկել էր Դավոս այցը: Աշխատանքների դադարեցման պատճառով տնտեսական համաժողովին չէր ներկայացել ոչ միայն նախագահը, այլ նաև ամբողջ ամերիկյան պատվիրակությունը:
Making great progress in @Davos. Tremendous numbers of companies will be coming, or returning, to the USA. Hottest Economy! JOBS, JOBS, JOBS!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 22, 2020










