Չգիտեմ՝ «Էրեբունի պլազայի» միջադեպն ինչքանով կապ ուներ Ռոբերտ Քոչարյանի հետ. այդ պահին գրասենյակում որևէ աշխատակից չի եղել. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)
Չգիտեմ՝ այս ամենը ինչքանով կապ ուներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նրա գրասենյակի հետ, որո՞նք էին այդ մարդու մոտիվացիաները, նա մենա՞կ էր, թե՞ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով «Էրեբունի պլազայում» այսօր տեղի ունեցած կրակոցներին:
«Ես ընդհանրապես տեղեկություններ չունեմ: Գիտեմ ճիշտ այնքան, որքան տեղեկատվություն կա լրատվամիջոցներում, երբ կպարզվի՝ ինչումն էր խնդիրը, ես անպայման կպարզաբանեմ»,-ասաց Սողոմոնյանը:
Նա հավելեց, որ միջադեպի պահին գրասենյակում ոչ ոք չի եղել. «Ընդմիջման ժամ էր, հետո էլ չեն կարողացել վերադառնալ, ներս մտնել, քանի որ ոստիկանությունը շրջափակել էր շենքը»:
Դիտարկմանը, թե ականատեսները պնդում են, որ զինված անձն ասել է՝ «ինձ Քոչարյանի գրասենյակ տարեք», Սողոմանյանն արձագանքեց.
«Կգերադասեմ տեղեկություններն ամբողջացնել, հետո մեկնաբանել. եթե այս միջադեպը մեզ առնչվում է, կմեկնաբանենք, և ես հայտարարություն կտարածեմ: Եթե լինեի շարքային քաղաքացի, կարող էի ասեկոսեները մեկնաբանել»,- ասաց նա՝ ընդգծելով նաև, որ «Էրեբունի պլազայում» գործում են բազմաթիվ գրասենյակներ, որոնցից մեկը Քոչարյանի գրասենյակն է:
Հիշեցնենք, որ այսօր 14:30-ի սահմաններում անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Նա վնասազերծվել է։










