«Էրեբունի պլազայում» անկանոն կրակոցներ արձակած անձը զենքը պահել է հղի կնոջ ուղղությամբ, հարցրել Ռ․ Քոչարյանի գրասենյակի տեղն ու պահանջել Վիկտոր Սողոմոնյանին․ ականատես (տեսանյութ)

15:18 • 23.01.20

17։46

«Էրեբունի պլազայում» անկանոն կրակոցներ արձակած անձը զենքը պահել է հղի կնոջ ուղղությամբ, հարցրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տեղն ու պահանջել գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։

«Եկել է, սկզբում կրակոց ենք լսել, զենքը պահել է մեր հղի աղջիկներից մեկի վրա, բարձրացել է երկրորդ հարկ: Մենք տեսանք, եկավ մեր դուռն էլ բացեց։ Սա նմանատիպ առաջին դեպքը չէ, մի քանի օր առաջ ևս նման ինչ-որ գործողություն ենք նկատել»,– ասաց նա:

 


17։05

Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ զինված անձը վնասազերծված է։

«Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում էր։ Անմիջապես դեպքի վայր մեկնեցին ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ, բանակցություններ վարեցին զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնեց հրազենը։

Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվեց ոստիկանություն։

Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»։


16:05

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է «Էրեբունի պլազայում» քիչ առաջ հնչած կրակոցների միջադեպին։

«Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է:
Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»,– գրել է նա:



15։58

«Էրեբունի պլազայում» անկանոն կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է։

 
15։47


Քիչ առաջ դեպքի վայր է ժամանել ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը: Դեպքի վայրում է նաև ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։

15։44

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ այս պահին ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ։



15:38

Ոստիկանությունը ժամը 14:45-ին ահազանգ է ստացել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքի ներսում կրակոցների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նա հայտնեց, որ դեպքի վայրում են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ինչպես նաև իրավապահ այլ կառույցների աշխատակիցներ: Նախնական տեղեկություններով տուժածներ չկան, տեղեկատվությունը ճշտվում է:



15:18

Անհայտ անձը «Էրեբունի պլազա»-ի ուղղությամբ անկանոն կրակոցներ է արձակել: Այս մասին դեպքի վայրից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան:

Քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ, դեպքի վայրում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները:

Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազա»-ի ներսում:

ՀՀ ոստիկանություն հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին, ահազանգ է ստացվել «Էրեբունի պլազա»-ի շրջակայքում կրակոցների վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, այս պահին դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները: Այլ մանրամանսեր կհաղորդվի մի փոքր ուշ: