Հանրաքվեի հարցում ընդդիմությանը համոզելու փոխարեն՝ համոզեք ԱՄՆ-ին, որպեսզի իր հովանու ներքո կազմակերպվի խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը ուժի մեջ կմտնի հանրաքվեից հետո. Արամ Սարգսյան
Հանրաքվեի հարցում ընդդիմությանը համոզելու փոխարեն՝ համոզեք ԱՄՆ-ն, որպեսզի իր հովանու ներքո կազմակերպվի խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը ուժի մեջ կմտնի հանրաքվեից հետո: Այս մասին գրել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Միանշանակ է, որ հանրաքվե անցկացնելու հնարավորության խնդիր չէր առաջանա, եթե ՀՀ վարչապետը չընդառաջեր ՌԴ նախագահի հորդորին և Մոլդովայի օրինակով արգելեր «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը։ Սա փաստ է, և այս փաստից հետևություններ անելը պարտադիր է։
Քննարկման առարկա դարձած խնդիրը Սահմանադրության հանրաքվե անցկացնելու կամ, առավել ևս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման կամ հրաժարական տալու հարցը չէ։ Խնդիրը արդար քվեարկություն ապահովելն է՝ առանց արտաքին ճնշման, ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի կիրառման։
Արդյո՞ք նախորդ ընտրություններից հետո հետևություններ արվել են։ Իմ կարծիքով՝ ոչ։
Քրեական հոդվածներով կուսակցությունների առաջնորդներին կալանավորելը խնդիրը չի լուծում, եթե չասեմ՝ հակառակը։ Նախորդ ընտրությունների ժամանակ էլ Սամվել Կարապետյանն անազատության մեջ էր, բայց դա չխանգարեց ընտրակաշառքի բաժանմանը և ՀԿԿ-ի կողմից այդ փաստերը հիմնավորող գաղտնալսումների հրապարակմանը։
Ի՞նչ անել։
1. «Մեր ձևով» շարժման 140 գրասենյակների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ քննությունը դիտարկել մեկ միասնական համատեքստում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմնակիցների կողմից իրականացված ընտրակաշառքի դեպքերի հետ՝ հիմքում ունենալով ՀԿԿ-ի հրապարակած գաղտնալսումները։
2. «Հայաստան» դաշինքին վերագրվող գաղտնալսումների մասով, օրենքի շրջանակներում, առանձնացնել առնվազն երկու դատավորի և ամենօրյա դատական նիստերի միջոցով հասնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի։
3. Հանրաքվեի հարցում ընդդիմությանը համոզելու փոխարեն՝ համոզել ԱՄՆ իշխանություններին, որպեսզի ԱՄՆ-ի հովանու ներքո կազմակերպվի խաղաղության համաձայնագրի ստորագրումը, որը ուժի մեջ կմտնի հանրաքվեից հետո։
Այս պարագայում ընդդիմությունը դեմ լինելու պատրվակ չի ունենա։
Իշխանությունը ցույց կտա, որ Ադրբեջանն այլ նախապայմաններ չունի։ Արդյունքում հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել հանգիստ՝ առանց շտապելու։
Ալիևն իր ժողովրդին կասի, որ դրանով պարտադրում է հայերին փոխել Սահմանադրությունը։
Թրամփն էլ կասի, որ ԱՄՆ-ն վերջնական խաղաղության բերեց 30 տարի միմյանց դեմ պատերազմող երկու երկրների։
Իմ թվարկած առաջարկներից կշահեն բոլորը՝ բացի մեկ երկրից և նրա հայաստանյան հպատակներից։
Հ.Գ. Ես չեմ առաջարկում թշնամանալ այդ երկրի հետ, բայց ժողովրդավարության և խաղաղության հարթությունում մենք ստիպված ենք հակադրվել նրան։ Առավել ևս, որ մեր ժողովուրդն իր ընտրությամբ ապացուցել է դիմակայելու իր պատրաստակամությունը, և, բարեբախտաբար, այս հարցում մեզ աջակցող բազմաթիվ երկրներ կան ու փառք Տիրոջը...»,- նշել է նա:










