Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին Շանհայի «Դիսնեյլենդ»-ը ժամանակավորապես կփակվի
Շանհայի «Դիսնեյլենդ» զվարճանքների թեմատիկ այգին հունվարի 25-ից ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքը, ինչը պայմանավորված է երկրում կորոնավիրուսի նոր մահացու վտանգավոր տեսակի համաճարակով:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին ասվում է այգու տարածած հայտարարությունում:
«2020 թվականի հունվարի 25-ից ShanghaiDisneyResort-ը ժամանակավորապես կփակի «Դիսնեյլենդ»-ը՝ մեր հյուրերի և աշխատակիցների առողջության և անվտանգության ապահովման, ինչպես նաև հիվանդության համաճարակի վերահսկման ու կանխարգելման նպատակով»,- ասվում է հայտարարությունում:
Թե երբ կվերաբացվի այգին, դեռևս հայտնի չէ:
Ընկերությունը պատրաստվում է գնված բոլոր տոմսերի գումարները հետ վերադարձնել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, կորոնավիրուսն արդեն դարձել է 25 մարդու մահվան պատճառ, իսկ ավելի քան 800-ը վարակված են: Իշխանությունները կարանտին են հայտարարել Հուբեյ նահանգի ինը քաղաքում բնակվող առնվազն 24 մլն բնակչի համար:
Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:
Նորագույն անհայտ տեսակի վիրուսով հիվանդանալու դեպքեր են արձանագրվել 5 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Ավստրալիայում:
Չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում: Չինաստանում համաճարակի պատճառ դարձած վտանգավոր կորոնավիրուսի պատվաստանյութը Ռուսաստանում կպատրաստեն կես տարուց ոչ շուտ:










