Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվել է նրա 3 համածառայակից, որոնցից մեկը Առաքել Մովսիսյանի որդին է. ՔԿ
2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում:(Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպանություն է գործել. նշում են, որ դեռ չկա դատաբժշկական փորձաքննության արդյունքները և, ինքնասպանություն որակելով դեպքը, իշխանությունները ցանկանում են կոծկել սպանությունը։ Ավագյանի հարազատները, ի նշան բողոքի, այսօր նրա դին բերում էին Երևան, սակայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հորդորից հետո, հրաժարվեցին այդ մտքից և դին տարան հուղարկավորելու։










